Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին պատրաստ է հանդիպել իր ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ՝ «ցանկացած ժամանակ եւ ցանկացած տեղում, առանց նախնական պայմանավորվածության»:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խոսելու համար կարող ենք հանդիպել ցանկացած ժամանակ եւ ցանկացած տեղում։ Ես, իհարկե, նախագահ Մեդվեդեւի հետ կխոսեի նրան հետաքրքող ցանկացած հարցի շուրջ»,-  BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Սահակաշվիլին։

Նախագահի խոսքով, չնայած վրացական կողմի պատրաստակամությանը՝ ռուսները շարունակում են խուսափել։ «Նրանք թաքնվում են՝ չնայած, որ իրենք են օկուպանտները եւ մեր հանդեպ էթնիկ զտում են իրականացրել»:

Սահակաշվիլիի հայտարարությունը հետեւել է իր հետ հանդիպելու Մոսկվայի կտրուկ հրաժարումից հետո։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռուսաստանում ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահները Դաշինքի Լիսաբոնյան գագաթնաժողովին չեն հանդիպի։ «Իհարկե, մենք չենք ուզում տեսնել Սահակաշվիլիին, ավելի լավ է խուսափել նրան հանդիպելուց՝ իր իսկ շահերից ելնելով»,- Ռոգոզինի խոսքերն է մեջբերում GLAVRED.INFO-ն։