Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ հունվար-հոկտեմբերին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,4 տոկոսով, այսինքն՝ տնտեսական աճի տեմպը շարունակում է դանդաղել։ Նշենք, որ տարվա ընթացքում ՀՆԱ աճն առավելագույն պիկին հասել է հունվար- մայիսին եւ կազմել 8,8 տոկոս։ Դրանից հետո աճի տեմպը դանդաղել է եւ հունվար-հուլիսին, օրինակ, 4 տոկոս էր, իսկ հունվար-սեպտեմբերին՝ 2,8 տոկոս։

Հայաստանի կառավարությունն աճի տեմպի դանդաղումը պատճառաբանում է հիմնականում գյուղատնտեսության սեզոնային անկմամբ։ Նշենք, որ գյուղատնտեսության անկումը հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում 16,8 տոկոս է։ Անկում է արձանագրված նաեւ շինարարությունում՝ 5,1 տոկոս։

Տնտեսության մյուս ոլորտներում թեեւ անկում չկա, սակայն առկա է տնտեսական աճի տեմպերի դանդաղում։ Այսպես՝ արդյունաբերական աճի տեմպը կազմել է 9,8 տոկոս, այնինչ նախորդ ամսվա դրությամբ 10,9 տոկոս էր։

Թեեւ 9 ամսվա կտրվածքով աճի տեմպերը դանդաղել են, այնուամենայնիվ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է 7,3 տոկոս աճ։ Սակայն անցյալ տարվա հոկտեմբերի աճն ավելի բարձր է եղել, որով էլ պայմանավորված է աճի տեմպի նվազումը։

Հիշեցնենք, որ Հայաստանի 2010 թ. պետական բյուջեի հաշվարկների հիմքում ընկած է ՀՆԱ-ի տարեկան 1, 2 տոկոս աճի կանխատեսումը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս շաբաթ բյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ հայտարարեց, որ տարեվերջին սպասվում է 2,4 տոկոս աճ։ Իսկ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման՝ Հայաստանի տնտեսական աճը տարվա կտրվածքով կկազմի մոտ 4 տոկոս։