Եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում ենթադրող ստորագրված արձանագրությունները վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից, ապա «Նաբուկո» նախագծում կարող է փոփոխություններ լինեն, իսկ ԵՄ-ն կարող է պահանջել գազամուղն անցկացնել ոչ թե Վրաստանի տարածքով, այլ Հայաստանի: Այս մասին, ըստ «Կոմերսանտ» թերթի, հայտարարել է տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների Բաքվի կենտրոնի ղեկավար Սաբիթ Հագիրովը:

""Հայաստանին տանում են «Նաբուկո»" անվանումով հոդվածում թերթը մեջբերում է միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության թուրքական «Թուրքսամ» կենտրոնի ղեկավար Սինան Օգանի խոսքերն այն մասին, որ նման սցենարը սկզբունքորեն իրական է:

«Արձանագրությունների նախաստորագրման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հասկացնել է տվել, որ իր երկիրը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասի բոլոր նախագծերին: Ու թեեւ նա չի նշել „Նաբուկո“-ի անունը, սակայն բոլորը հասկացան, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը»,- ասել է Օգանը՝ հավելելով, որ մինչեւ տարվա վերջ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը ցանկանում են հստակեցնել «Նաբուկո»-ի երթուղին, ուստի Անկարայում սկսել են արագացված տեմպերով պատրաստել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման արձանագրությունը:

«Դեռ չի եկել պաշտոնապես այդ մասին խոսելու ժամանակը, բայց դեռ մեկ տարի առաջ, երբ սկսվեց պատերազմը Վրաստանում, ես կանխատեսեցի, որ „Նաբուկոն“ Ադրբեջանից Հայաստանով կանցնի դեպի Թուրքիա: Մեր ԱԳ նախարարն էլ հաստատեց, որ դա լավ գաղափար է»,- ընդգծել է թուրք փորձագետը:

Միաժամանակ «Հայռուսգազարդ» ընկերության նախագահ Կարեն Կարապետյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, հայտնել է, որ այսօր խոսքը գնում է միայն կովկասյան տարածաշրջանում տեղական էներգետիկ նախագծերի զարգացման մասին եւ «Նաբուկո»-ն այդ շարքում դեռ չկա: Նրա խոսքով, քննարկվում է ռուսական գազի Թուրքիա մատակարարման հնարավորությունը, ինչպես նաեւ իրանական գազի Հայաստանի էլեկտրակայանների համար մատակարարման եւ Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավորությունը: Թերթը նաեւ մեջբերում է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքերը` Իրանի եւ Թուրքիայի միջեւ փոխանակման օպերացիաների հնարավորության մասին: Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, այդ փոխադրումները կարող են կազմակերպվել Հայաստանի տարածքով:

Ընդ որում, նշվում է, որ Հայաստանի գլխավոր տրանզիտային ուղի դառնալու հիմնական խոչընդոտը Ադրբեջանն է, որը «Նաբուկո»-ի համար համարվում է ռեսուրսային բազա: «Ադրբեջանկան իշխանությունները երբեք չեն համաձայնի իրենց գազը Հայաստանի տարածքով մատակարարելուն` առանց ԼՂ խնդրի լուծման: Ադրբեջանը չի տարանցի իր ածխաջրածնային հումքը Հայաստանի տարածքով, քանի դեռ չեն ազատվել իր տարածքները եւ չի լուծվել ԼՂ հարցը»,- ասել է Սաբիթ Բագիրովը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ ԵՄ-ն, որը շատ ջանք է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների բարելաման համար, ցանկանում է փոխել «Նաբուկո»-ի երթուղին, որպեսզի այն Վրաստանի փոխարեն անցնի Հայաստանով: Թուրքական «STAR» թերթի փոխանցմամբ, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը զուգահեռ սպասվում է նաեւ տարածաշրջանային էներգետիկ հավասարակշռության փոփոխություն, որի արդյունքում Հայաստանը կներգրավվի «Նաբուկո» նախագծում: «Եվրամիությունը նախընտրում է ոչ թե Վրաստանին, այլ Հայաստանին տեսնել որպես տրանզիտային երկիր»,-գրել է թերթը: