«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ փաստաբանը չի ներկայացել դատարան՝ դերասան Յոժի՝ Սերգեյ Դանիելյանի՝ այդ ընկերության դեմ ներկայացված դատական հայցի առաջին լսմանը։ NEWS.am-ի թղթակցին այս մասին տեղեկացրեց դերասանի փաստաբան Լեւոն Սահակյանը։

Նա դժվարացավ նշել, թե ինչը կարող էր պատասխանող կողմի նման կեցվածքի պատճառ հանդիսանալ։ «Հազար ու մի պատճառ կարող է լինել, չեմ կարող ասել, բայց օրինակ, կարող է ուղղակի մտածել են՝ գան,  ի՞նչ խոսեն, կամ կարող է զբաղվա՞ծ են եղել»,- նշեց Լեւոն Սահակյանը։

Վերջում փաստաբանը տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվել է եւ Նուբարաշեն ու Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հաջորդ դատալսումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին։

Նշենք, որ դերասան Սերգեյ Դանիելյանը իրեն պատճառված անհարմարությունների համար դատի է տվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին՝ ակնկալելով ինչպես նյութական  փոխհատուցում, այնպես էլ հրապարակային ներողություն ստանալ ընկերությունից: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահե Դավթյանն իր հերթին հայտարարել էր, որ Դանիելյանի այս քայլը որոշակի PR նպատակներ է հետապնդում, եւ որ ընկերությունը դերասանից հրապարակային ներողություն չի խնդրի, քանի որ իրենք գործելու են իրավաբանական  դաշտում եւ այն որոշման շրջանակներում, որը կկայացնի դատարանը։