«Սերժ Սարգսյանն ինձ վրա չի բարկացել»։ Այդ մասին այսօր՝ մայիսի 5-ին մանդատների բաժանման միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նորընտիր պատգամավոր, հանրապետական Հակոբ Բեգլարյանը՝ անդրադառնալով 2012 թվականին իր պաշտոնանկությանը։

Հիշեցնենք, որ նա այդ թվականին ազատվել էր Գնումների պետական գործակալության ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը զայրացել էր այդ կառույցի ղեկավարության վրա եւ ազատել բոլոր աշխատողներին։ Մամուլը գրել էր, թե զայրացած է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Սերժ Սարգսյանը ինձ վրա չի բարկացել»,- այսօր ասել է Բեգլարյանը, իսկ հարցին, թե ինչու այդ դեպքում նրան ազատեցին պաշտոնից, պատասխանել է. «Ես աշխատանքից համաձայն իմ դիմումի եմ ազատվել։ Որից հետո վարչապետը հասկացավ, որ ես պետական գնումների գործակալության պետ չէի, այլ աջակցման կենտրոնի տնօրեն, որը պետական գնումների հետ որեւէ կապ չի ունեցել այդ պահին։ Իր սխան ուղղեց վարչապետը եւ մի ամիս հետո ինձ առաջարկեց այլ պաշտոն։ Վսյո»։

Դիտարկմանը, թե մամուլում տեղեկություններ կային, որ իր շտաբը ընտրակաշառք է բաժանել ընտրությունների ժամանակ, Բեգլարյանը պատասխանել է. «Ոստիկանությունը կպրծնի իր քննությունը, եւ մենք կլսենք, թե ինչ է կատարվել։ Իհարկե ընտրակաշառք չի եղել։ Այդպես բան չի եղել»։