Չեչնիայի կառավարությունն ու իրավապահ մարմինները պատրաստ են փոխգործակցել դաշնային մարմինների հետ՝ սեռական փոքրամասնությունների դրության մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները ստուգելու համար, սակայն նրանց նկատմամբ ճնշումների մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել, այս մասին մայիսի 5-ին լրագրողներին ասել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, փոխանցում է Ինտերֆաքսը։

Քադիրովը նաեւ շեշտել է, որ «նման երեւույթը բնորոշ չէ չեչենն ժողովրդին»։

Քադիրովը նշել է, որ «չեչենական հասարակությունում չկա սեռական ոչ ավանդական կողմնորոշում կոչվող երեւույթ՝ ժողովուրդը հազարամյակներով ապրում է այլ կանոններով , որոնք սահմանված են Բարձրագույնի, թելադրված բարոյականության նորմերի ու մարդկային հարաբերությունների էթիկայի կողմից»։

«Չեչենների մոտ երբեք նմանները չեն եղել։ Եթե իհարկե խոսքը նրանց մասին չէ , ովքեր չլինելով չեչեն, իրենց այդպես են կոչում, որպեսզի Արեւմուտքում հայտնվելու հնարավորություն ունենան»,- ասել է նա։

Ավելի վաղ, մայիսի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարդու իրավունքների հարցերով լիազոր Տատյանա Մոսկալկովային խոստացել էր գլխավոր դատախազության ու ՆԳՆ ղեկավարի հետ քննարկել Հյուսիսային Կովկասում նույնասեռականների դրությունը։

Հիշեցնենք, որ ապրիլին «Նովայա գազետա» թերթը հրապարակել էր նյութ այն մասին, որ Չեչնիայում ձերբակալվել են սեռական փոքրամասնությունների մոտ 100 ներկայացուցիչներ, առնվազն 3-ն էլ սպանվել են։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 2-ին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խնդրել էր նրան օգտագործել իր ազդեցությունը՝ Չեչնիայում սեռական փոքրամասնությունների իրավունքների պահպանման համար։