Հայաստանի կառավարությունը 2010 թվականի փետրվարի 25-ին ընդունել է թիվ 241-Ն որոշումը` «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին»: Գործադիրի այս որոշումը հարուցել է համայնքի բնակիչների դժգոհությունը: Մտահոգություն կա, որ որոշման իրագործման դեպքում շուրջ 135 բնակիչներ կզրկվեն իրենց սեփականությունից: Ըստ լուրերի՝ որոշման հետեւում կանգնած է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Աբրահամյանը:  Նա, համաձայն շրջանառվող լուրերի, մի արաբ շեյխի հետ պատրաստվում է նշված վայրում գործարան կառուցել: Կառավարության որոշմամբ՝ գյուղացիների սեփականություն հանդիսացող հողատարածքը  հանձնվել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ին` այդ տարածքում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարան կառուցելու համար:

Կառավարությունն սկզբում ընկերությանն է հատկացրել շուրջ 95.8 հա տարածք, սակայն, հետագայում ընդառաջելով Գագիկ Աբրահամյանի խնդրանքին, գերակա շահ ճանաչված տարածքը ընդլայնվել է՝ հասնելով 1300 հա-ի: Թե այդ հողակտորից ո՞ր հատվածն է արաբ մեծահարուստինը, եւ որը նրա գործընկեր Գագիկ Աբրահամյանինը, դեռեւս հստակեցված չէ:

Նկատենք, որ «գերակա շահի» ճանաչված տարածքի շուրջ 130 սեփականատերերից մոտ 40-ը այդ հատվածում հողատարածք է ստացել` բանջարանոցի համար: Այդ մարդիկ, չունենալով տնամերձ հողամասեր, պետության կողմից հող են ստացել՝ իրենց ապրուստը հոգալու համար: Եւ քանի որ նրանց ապրուստի միջոց հողակտորներին այժմ վտանգ է սպառնում, նրանք որոշել են ընդվզել կառավարության որոշման դեմ:
Գյուղացիները մտահոգություն ունեն, որ Գագիկ Աբրահամյանն այլ նպատակ ունի եւ գերակա շահ ճանաչված տարածքն օգտագործելու է ամենեւին էլ ոչ հանքային ջրերի գործարան կառուցելու համար: Այլապես կգներ հողատարածքի մոտակայքում գտնվող եւ պարապուրդի մատնված հանքային ջրերի շշալցման գործարանը:

Հարկ է նշել մեկ այլ ուշագրավ հանգամանք. շուրջ 130 սեփականատեր բնակիչների մեջ է նաեւ քաղբանտարկյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, ով այդ վայրում մտադիր է կառուցել մինի հիդրոէլեկտրակայան, որի համար ունի կառավարության (Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակվա)  հատուկ որոշումը եւ արդեն իրականացրել է որոշ տեխնիկական աշխատանքներ:

Ի դեպ, քաղբանտարկյալն այս առթիվ բաց նամակ է հղել ՀՀ վարչապետին, որում մասնավորապես ասվում է. «Որպես Հրազդանի առաջին քաղաքապետ եւ այդ ընտրատարածքից ընտրված երկար տարիների պատգամավոր, իմ նախընտրական ծրագրում հետեւողական առաջ էի տանում մի ծրագիր, որի նպատակն էր Արտավազ համայնքի Ուլաշիկ տեղամասից (որն այդքան հեշտ ու հանգիստ ուզում եք տալ շեյխին) ինքնահոս խմելու ջուր բերել Հրազդան քաղաք: Դեռ այն ժամանակ, երբ ՀՀ Էներգետիկայի նախարարը Գագիկ Մարտիրոսյանն էր, այդ հարցը քննարկվել ու հավանության է արժանացել: Հարցը քննարկվել է հետագայում լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, սակայն անհրաժեշտ ֆինանսավորում չլինելու պատճառով այն ձգձգվել է, մնացել առայժմ չիրագործված: Այսօր էլ այդ ծրագիրն արդիական է, որովհետեւ Հրազդան քաղաքի ջրամատակարարման ամենաարդյունավետ ու տնտեսապես հիմնավորված տարբերակը դա է եւ միայն էլեկտրաէներգիայի ծախսի գծով տարեկան տնտեսումը կկազմի մոտ 300 միլիոն դրամ»:

Հիշեցնենք, որ Գագիկ Աբրահամյանը NEWS.am-ին վերոնշյալի կապակցությամբ հայտնել էր, որ ինքն առնչություն չունի Արտավազ համայնքի գյուղացիներից «հողեր խլելու» հետ:  

Հ.Գ. Արտավազ համայնքի բնակիչները երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին, ժամը 12-ին կառավարության շենքի դիմաց ակցիա են անցկացնելու՝ բողոքելով կառավարության որոշման դեմ:  

Ելենա Գեւորգյան