Այս 4 տարիներին երեւանցիների աչքի առաջ օրուգիշեր աշխատել ենք «Ավելի լավ Երևանի համար»: Այդ մասին, այսօր՝ մայիսի 6-ին, Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ քաղաքում այսօր չկան խնդիրներ, դեռ բազում խնդիրներ մնացել են:
Նրա խոսքով, Կարմիր Բլուրը, Շենգավիթը, Էրեբունի թանգարանի տարածքը այն վայրերն են, որոնք պարզապես մեր պատմությունն են. «Մենք պարտավոր ենք մեր պատմությունն աշխարհին ներկայացնել: Այստեղ մենք ունենք նախընտրական մեծ ծրագիր, որ պետք է հարմարավետություն ստեղծենք, որ Երևանի բոլոր հյուրերը այցելեն այս վայրերը և մեր պատմությունը ամբողջությամբ իմանան:
Մեր նախընտրական ծրագրում ներառել ենք զբոսաշրջիկության, տուրիզմի զարգացումը, որը հիմնական շենքը Շենգավիթում Կարմիր բլուր եւ Շենգավիթ, Էրեբունիում՝ «Էրեբունի» թանգարանը»:
Տարոն Մարգարյանի խոսքով, գրեթե բոլոր ոլորտներում վերջին տարիներին առաջընթաց է եղել՝ աղբահանությունը, փողոցների լուսավորություն: «Մենք ունենք խնդիրներ համատիրության կառավարման հարցում եւ օրենսդրական փոփոխության ենք պատրաստվում կառավարման մոդելի փոփոխության առումով»,-ասաց նա:




























