Վենեսուելայի կառավարությունը պետք է հաշվի առնի իր ժողովրդի կարծիքը եւ հարգի երկրի Սահմանադրությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին:
Նա մտահոգություն է հայտնել «Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի կառավարության կողմից բողոքների ուժային ճնշման կապակցությամբ», ինչպես նաեւ այն հանգամանքի առիթով, որ այդ երկրի իշխանությունները «ժողովրդին չեն ապահավում անհրաժեշտ պարենով եւ բուժծառայություններով»:
«Այն, որ նախագահ Մադուրոն անտեսում է իր ժողովրդի հիմնարար իրավունքները, խորացրել է երկրում քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը: Մադուրոյի ռեժիմը պետք է հարգի Վենեսուելայի Սահմանադրությունն ու հաշվի առնի ժողովրդի կարծիքը»,- ասել է Հեյլին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ ԱՄՆ-ի իշխանություններն ուշադիր հետեւում են Վենեսուելայի բանտերում տիրող իրավիճակին: Նա նաեւ կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիր «Ժողովրդի կամք» կուսակցության առաջնորդ Լեոպոլդ Լոպեսին, որը ղեկավարել է 2014 թվականի փետրվարի հակակառավարական զանգվածային ցույցերը, ինչպես նաեւ ամերիկյան քաղաքացի Ջոշուա Հոլտային, որին ահաբեկչության մեղադրանքով ձերբակալել են 2016 թվականի հունիսին:
Ապրիլի սկզբից Վենեսուելայում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք հաճախ վերածվում են ոստիկանության հետ բախումների: Ճգնաժամի պատճառը Գերագույն դատարանի որոշումն է, որը վերաբերում է նախագահի եւ խորհրդարանի լիազորություններին: Մայիսի 1-ին Մադուրոն սահմանադրական ժողով գումարելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մարմինը կարող է փոփոխություններ մտցնել Բոլիվարյան հանրապետության Սահմանադրությունում:




























