Դիլիջան-Սեւան ավտոճանապարհին այսօր՝ մայիսի 6-ին ՃՏՊ է տեղի ունեցել: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Իջեւան հատվածի 76-րդ կմ-ին բախվել են Mercedes E320 մակնիշի 34 FO 955 (վարորդ՝ 1977 թ. ծնված Ս.Մ.) եւ Volkswagen Golf մակնիշի 35 PL 866 պետհամարանիշերով (վարորդ՝ 1958 թ. ծնված Ն.Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Volkswagen Golf-ի ուղեւորը՝ 1988թ. ծնված Ս.Մ.-ը, տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Սեւան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից եւ շտապօգնության մեքենային մոտեցրել Volkswagen Golf-ի ուղեւորին՝ 1954թ. ծնված Ռ.Բ.-ին. նրան եւ Mercedes E320-ի վարորդին հոսպիտալացրել են Սեւանի ԲԿ, իսկ Volkswagen Golf-ի վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: