Ժան Մարի Լը Պենը՝ «Ազգային ճակատի» նախկին առաջնորդ եւ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի հայրը, կասկած է հայտնել, որ իր դուստրը համապատասխանում է պետության ղեկավարի դերին: Այս մասին նա ասել է The Sunday Times-ի հետ հարցազրույցում, հայտնում է Daily Mail-ը:
«Նա բնավորություն ունի, դա նրանից չես խլի: Սակայն անհրաժեշտ են նաեւ այլ հատկանիշներ»,- հայտարարել է նա:
Լը Պենը հայտարարել է, որ հիասթափված է, թե դուստրն ինչպես է անցկացրել «Առաջ» շարժումից իր մրցակից Էմանուել Մակրոնի հետ բանավեճը: Նրա խոսքով՝ նա զուր է «անցել անձերին»՝ մրցակցի վրա հոգեբանական ճնշում կատարելու նպատակով:
«Ազգային ճակատի» նախկին ղեկավարը Մարին Լը Պենին քննադատել է նաեւ, որ նա իրեն չի դիմել ընտրարշավի համար խորհուրդ հարցնելու:
Լը Պենի կարծիքով՝ իր թոռ Մարիոն Մարեշալ Լը Պենն ավելի է համապատասխանում Ֆրանսիայի ղեկավարի պաշտոնին: Այդուհանդերձ, նա ասել է, որ Մարին Լը Պենին, միեւնույն է, հաղթանակ է ցանկանում:
«Ես առանց կասկածի նշույլի բոլորին կոչ եմ անում քվեարկել Մարին Լը Պենի օգտին»,- ասել է նա:
Նախկինում Ժան Մարի Լը Պենը քանիցս ելույթ է ունեցել դստեր աջակցությամբ, չնայած նրանց հարաբերությունները շարունակում են սառը մնալ այն ժամանակից ի վեր, երբ նա «Ազգային ճակատի» նախկին ղեկավարին կուսակցությունից հեռացրեց:




























