ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր հաջորդին՝ Դոնալդ Թրամփին նախազգուշացրել էր այն մասին, որ չարժե աշխատանքի ընդունել գեներալ Մայքլ Ֆլինին։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։
Գեներալ –լեյտենանտ Ֆլինը 2012-2014 թթ․ զբաղեցնում էր ԱՄՆ ՊՆ հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնը, իսկ 2017-ի հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 13-ը եղել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։ Նա հրաժարական է տվել այն մեղադրանքների ֆոնին, որ ամբողջովին չէր հրապարակել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ 2016-ի դեկտեմբերի վերջին կայացած իր զրույցների բովանդակությունը։
Սակայն Ֆլինին աշխատանքի չընդունելու մասին Օբամայի նախազգուշացումը Թրամփին պայմանավորված չի եղել գեներալի «ռուսական կապերով», հայտնում է հեռուստաալիքը։
«Օբամայի վարչակազմը Ֆլինին հեռացրել էր աշխատանքից 2014-ին հիմնականում վատ ղեկավարելու ու նրա բնավորության պատճառով»,- հայտնում է հեռուստաալիքը, չբացահայտելով մանրամասները։
Ֆլինի հրաժարականից հետո Կոնգրեսի հանձնաժողովները ու Պենտագոնը սկսել են ստուգել այն հաղորդագրությունները, որ Ֆլինը կարող էր 2015-ին Ռուսաստան կատարած իր այցելության ընթացքում ռուսական ընկերություններից հոնորարներ ստացած լինել, ինչը նա որպես բարձրաստիճան զինվորական իրավունք չուներ անել առանց ԱՄՆ-ի համապատասխան թույլատվության։
Բացի դրանից Ֆլինի հեռանալուց հետո ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին այն մասին, որ նա մինչ այդ ԱՄՆ արդարադատության նախարարությունում գրանցված է եղել որպես «օտարերկրյա գործակալ» ու ներկայացրել է Թուրքիայի շահերը։




























