Մայիսի 8-ի առավոտյան Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում դժբախտ պատահարի հետեւանքով զոհված զինծառայողներից 20-ամյա Ռաֆայել Բիշարյանի զորացրվելուն մնացել էր 56 օր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց զոհված զինվորի մորաքրոջ դուստրը:
«Զորակոչվել էր 2015 թվականի հուլիսի 6-ին: Ծառայությանը մնացել էր 56 օր: Անհավատալի է, սպասես, որ 56 օրից տղադ կվերադառնա տուն ու դին մեզ հասնի: Անհնար է հավատալ: Տեղեկություն չունենք՝ ու՞ր էին գնում, միայն գիտենք, որ զորամասից դուրս են եկել, ճանապարհին ընկել են ջրհորը:
Վերջին անգամ դեկտեմբերին է տուն եկել: Հեռախոսով մի երկու օր առաջ տղայիս հետ էր խոսել, կարճ, ինչպես եք, ինչպես են տանեցիները: Շատ ուրախ էր, շատ գոհ էր իր ծառայությունից: Իրեն շատ սիրում էին զորամասում, հարգում էին, ինքն էլ իրեն շատ լավ էր զգում: Հրամանատարները բոլորը գոհ էին նրանից: Մեծ սպասումներով էր վերադառնալու տուն: Շատ քիչ էր մնացել, 56 օր»,- ասաց զարմուհին:
Ընտանիքի անդամներից մեկն էլ պատմեց, որ Ռաֆայելը սիրով է զորակոչվել բանակ:
«Ծառայության ընթացքում, երբ Ռաֆիկի մոտ էին գնացել, սեղանի վրա ասաց՝ Մատաղիս, Մատաղիս, շատ լավ տեղ է: Հասցրել էր սիրել: Հետեւում եմ լրատվությանը, ոչ մի կոնկրետ ինֆորմացիա չկա, ինչպես է եղել, ուր են գնացել, ինչու են գնացել: Մեր տղան ղեկին չի եղել, հետեւում է նստած եղել: Այդ ինչպե՞ս են ընկել ձորակը, ինչ հանգամանքներում են հայտնվել երկաթե ձողերի վրա: Նախարարությունը ոչ մի տեղեկություն չի տալիս: Իսկ զոհված զինվորներից մեկի դին դեռեւս չեն գտել: Այդ ընտանիքն ի՞նչ է անելու, ինչպե՞ս է լինելու այդ ընտանիքի վիճակը: Դժվար է համակերպվել դժբախտության հետ: Շատ լավ ծառայություն անցավ Ռաֆիկը: Անհամբեր սպասում էր զորացրվելուն»,- պատմեց բարեկամը:


























