Բոսնիա Հերցոգովինայում, Մոստար քաղաքից ոչ հեռու, թեթեւաշարժիչ օդանավ է կործանվել, ինչի հետեւանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում երեք երեխա ու օդաչուն, հայտնում է Reuters-ը։ Պարբերականի տվյալներով, օդանավը ընկնելուց հետո հրկիզվել է, հինգերորդ զոհի անձը պարզել չի հաջողվել։

Մոստարի օդանավակայանը մայիսի 13-ին անցկացնում էր «Բաց դռների օր», ինչը ներառում էր նաեւ թռիչք Մոստարի վրա։ Կա վարկած, որ հինգերորդ զոհը թռիչքների հրահանգիչն է եղել։ Դեպքի վայր է ժամանել Մոստար օդանավակայանի տնօրեն Մարին Ռասպուդիչը, որը հայտնել է, որ զոհված երեխաների ծնողները օդանավակայանի աշխատակիցներից են։ Երեխաները 7-10 տարեկան են եղել։

Պատահարի պատճառները պարզվում են։ Հետաքննությունը իրականացնում է Բոսնիա Հերցոգովինայի դատախազությունը։