ՀՀ ՊՆ  N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 10-ին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանին սպանելու կասկածանքով ձերբակալված Արման Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: 

Դեպքի առթիվ ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Մեսրոպյանը կյանքի համար վտանգավոր  հրազենային վնասվածքն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցի հետևանքով, բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1997թ. ծնված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Գագիկ Մեսրոպյանին սպանելու կասկածանքով ձերբակալվածը Գորիսի Հարթաշեն գյուղի բնակիչ Արման Հակոբյանն է:

ՀՀ ՔՆՆչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ Գագիկ Մեսրոպյանի սպանության գործով ձերբակալվել է նրա ծառայակից ընկերը: Բավարար փաստական տվյալներ են ձեռքբերվել,որ  Գագիկ Մեսրոպյանն  սպանության զոհ է դարձելպարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սպանված զինծառայողը Տավուշի մարզի Տեղ գյուղի բնակիչ է, նա ընտանիքի միակ որդին էր, բնակվում էր մոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում: