Սյունիքի մարզում մայիսի 4-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական վթարի գործով ձերբակալված վարորդ Արթուր Միրզոյանի խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը չի բավարարվել եւ նա ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Դատարանի այդ որոշման առթիվ դատախազը վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին առավոտյան Քաջարանի բնակիչ Արթուր Միրզոյանը Որոտան գյուղից դեպի Գորիս գնալիս, դեռեւս չպարզված հանգամանքներում, մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ 40 մետր ընթանալով ճանապարհի ձախակողմյան կանաչապատ ձորակով՝ ընկել է Որոտան գետը, գլխիվայր շրջվել գետի միջով անցնող խողովակների վրա: Վթարի հետեւանքով ուղեւորներ, քույր ու եղբայր Դավիթ ու Աստղիկ Մկրտչյանները տեղում մահացել են:
21-ամյա Դավիթ Մկրտչյանը վերջերս էր զորացրվել բանակից, քառօրյա պատերազմի մասնակից էր: Քույրը՝ Աստղիկ Մկրտչյանը, ամուսնացած էր, 1 տարեկան երեխա ուներ, սպասում էր երկրորդ բալիկին: Մայիսի 4-ին Աստղիկի ծննդյան օրն էր: Աստղիկը սովորում էր նաեւ Գորիսի պետական համալսարանում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարորդը ձերբակալվել է։





























