2010 թ. նոյեմբերի 23-ին` ժամը 17:50-ին, ՀՀ վարչական դատարանը կհրապարակի վճիռ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ «ՀՀ ՊՆ նախարարի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին» հրամանը անվավեր ճանաչելու եւ ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին:
Հիշեցնենք, որ 2010 թ. փետրվարի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, 2009 թ. ՀՀ զինված ուժերում մահացած ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների թիվը, նրանց անուն ազգանունները եւ հասցեները տրամադրելու խնդրանքով: Պաշտպանության նախարարությունը մերժել էր տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկատվությունը «ՀՀ ՊՆ-ի գաղտնագրման ենթակա ընդլայնված գերատեսչական ցանկի մասին» հրամանի համաձայն` համարվում է գաղտնիք: Հետագայում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խնդրել էր ներկայացնել այն փաստաթուղթը, ըստ որի, դա համարվում է գաղտնիք, սակայն որեւէ պատասխան չէր ստացել, որից հետո էլ դիմել էր դատարան:





























