«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ամենակարեւոր հարցը, որն առաջանում է խորհրդարանական եւ երեւանյան ընտրություններից հետո, հետեւյալն է. արդյոք մարդիկ իրենց հոժար կամքով գնում եւ ընտրում են ՀՀԿ-ի՞ն: Նայած, թե ինչն ենք մենք «հոժար կամք» անվանում:

Մարդուն կանգնեցնում են ընտրության առաջ՝ վերցնե՞լ 10 հազար դրամը, թե՞ չվերցնել: Եթե նա չվերցնի, նրան կգնդակահարե՞ն, բա՞նտ կնետեն: Ըստ ամենայնի՝ ոչ: Պարզապես չվերցնելով՝ նա չի կարողանա հոգալ իր կես օրվա, մեկ օրվա կամ, ենթադրենք, մի քանի օրվա հոգսերը: Եթե մարդը կանգնած է ահա այսպիսի ընտրության առաջ, արդյոք նրա ընտրությունն ազա՞տ է: Իհարկե: Արդյոք 10 հազար դրամից հրաժարվելը նրանից հերոսական ջանքե՞ր է պահանջում: Հաստատապես՝ ոչ:

Բայց նույնիսկ եթե մարդուն սպառնում է բանտ կամ գնդակահարություն, նա, միեւնույն է, ազատ ընտրություն է կատարում: Ոչ ոք նրան չի կշտամբի, եթե նա ընտրել է կյանքն ու չազատազրկվելը, պարզապես արձանագրենք՝ նա նույնպես ընտրելու հնարավորություն ուներ:

1930-ական թվականներին ստալինյան եւ հիտլերյան ճամբարներում մարդիկ շարունակում էին ստեղծագործել, իրար ձեռք մեկնել, սիրահարվել՝ այդ մարդիկ ընտրություն էին կատարել, շատ ավելի ծանր ընտրություն, քան 10 հազար դրամ վերցնել-չվերցնելը: Բայց այն մարդիկ, որոնք «ժողովրդի թշնամիներին» գնդակահարում էին կամ տանում էին գազային խցիկներ, նույնպես ընտրություն էին կատարել:

Ուզում եմ ասել՝ կյանքը միշտ ընտրություն է, իսկ ոչ տոտալիտար համակարգերում այդ ընտրությունն այդքան էլ դրամատիկ եւ ճակատագրական չէ, բայց էլի որոշակի ջանքեր է պահանջում:

Ես այնքան էլ համաձայն չեմ, որ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը զուգահեռ մարդիկ կհրաժարվեն ընտրակաշառք վերցնելուց: Ի՞նչ է, հիմա, 2017 թվականին, 10 կամ 20 հազար դրամ էին վերցնում միայն չքավորնե՞րը, ելք չունեցողնե՞րը: Ոչ, ես հակված եմ մտածելու, որ վերցրել են նաեւ միանգամայն կուշտ եւ սոցիալական շատ լուրջ խնդիրներ չունեցող մարդիկ: Վերցնում էին ոչ այն պատճառով, որ հակառակ դեպքում սովից կմահանային, այլ որովհետեւ դրա մեջ ոչ մի վատ բան չեն տեսնում՝ այդպիսին է վերջին 25 տարում ձեւավորված մշակույթը:

Ես դա անվանում եմ «խեղճության մշակույթ»: Մեզանում սիրում են ամեն պատեհ կամ անպատեհ առիթով բացականչել՝ «վայ, խեղճ ժողովուրդ», «ողբամ զքեզ, Երկիր հայոց» եւ այլն: Զոհի կերպարը ենթադրում է պատասխանատվության լիակատար բացակայություն: Պատասխանատվության բացակայությունից բխում է անտարբերությունը պետության հանդեպ: Իսկ եթե այդպես է, վերցնեմ այդ մի քանի կոպեկը, մեկ է՝ ինձնից ոչ մի բան կախված չէ: Սա էլ է ընտրություն: Դիրքորոշման, արժեքների ընտրություն է: Եվ, ինչպես ցանկացած այլ դեպքում, այդ ընտրությունն ազատ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում