Վայոց ձորի Արփի գյուղում ապրիլի 23-ին գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի պատճառը դեռ հայտնի չէ:
Նախաքննական մարմինն այժմ մի քանի վարկած է շրջանառում: Տեղեկություններ կան, որ պայթյունը եղել է լիցքավորողի անփութության պատճառով: Լիցքավորող Արման Կարապետյանը մեքենան լիցքավորել է բարձր ճնշմամբ, ինչն էլ պայթյունի պատճառ է եղել: Վարկած կա նաեւ, որ լիցքավորվող մեքենան խնդիրներ է ունեցել: Նշանակվել են փորձաքննություններ, որոնցից եւ ոչ մեկի պատասխանն այս պահին չի ստացվել:
Նշենք, որ Արման Կարապետյանը շուրջ 1 տարի աշխատում էր այդտեղ: Նա ամուսնացած էր, մանկահասակ երեխա ուներ:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ժամը 17:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետեւանքով մահացել է գազալցակայանի լիցքավորող, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ Արման Կարապետյանը, տուժել 2 քաղաքացի:





























