Մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 2,5 տարվա ազատազրկման դատապարտված, Գյումրիի բժշկական կենտրոնի ռադիոլոգ Նազանի Մալխասյանը շարունակում է աշխատել հիվանդանոցում:
NEWS.am-ի տեղեկություններով, Մալխասյանն այս օրերին գտնվում է արձակուրդում եւ աշխատանքի պիտի վերադառնա հունիսի 1-ից: Սպասվում է, սակայն, որ առաջիկա օրերին նա կկալանավորվի, քանի որ Վճռաբեկնը մայիսի 15-ին որոշումն ուղարկել է առաջին ատյան՝ կատարման:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Նազանի Մալխասյանին մեղավոր էր Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման: Վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողոքը: Վճռաբեկն էլ իր հերթին բողոքը վարույթ չի ընդունել:





























