Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հոկտեմբերի 2-4-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող բարձր տեխնոլոգիաների DigiTec-2009 ցուցահանդեսում Թուրքիան, Ուկրաինան և Վրաստանը կստանան անվճար տաղավարներ:

Նշենք, որ անվճար տաղավարների տրամադրման հովանավորն է ամերիկյան CAPS կազմակերպությունը: Ըստ Վարդանյանի` այդ երկրներից դեռ վերջնական պատասխաններ չեն ստացվել, ընթանում են բանակցություններ: Ցուցահանդեսին իր մասնակցության մասին առայժմ հայտարարել է շվեդական հանրահայտ Ericson ընկերությունը, որը հայկական «Յուքոմ» ընկերության հետ համատեղ ներկայացնելու է նոր սերնդի IP հեռուստացույցը: