«Ելք» դաշինքը դեռ չի քննարկել Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հարցը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Եթե թեկնածու ունենանք Արտաշատում, կմասնակցենք, դեռ չենք քննարկել հարցը, դժվար է հիմա հստակ ասել։ Մենք ցանկացած ՏԻՄ ընտրություն դիտարկում ենք քաղաքական ընտրություն, բայց պիտի ունենանք էդ տեղում թիմ, թեկնածու, որ մասնակցենք, ընտրությունը մեր համար սպորտային մրցույթ չէ»,–ասել է Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը վայր է դրել քաղաքապետի լիազորությունները, նա անցնելու է խորհրդարանական գործունեության։
Հանրապետական կուսակցությունից նույնպես վստահեցնում են, թե դեռ չեն քննարկել թեկնածուի հարցը։ Արտաշատում շրջանառվում է Հովիկ Աբրահամյանի վաղեմի հակառակորդ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի թեկնածությունը, որը դեռեւս չի հաստատում Հովհաննես Ղազարյանը։





























