Այսօր` նոյեմբերի 22-ի առավոտյան ժամը 9.30-ի սահմաններում Քարվաճառի շրջանային հիվանդանոցում տեղի ունեցած ամենօրյա ժողովի ժամանակ շարունակվել է նոյեմբերի 20-ին տեղի ունեցած խուլիգանությունը:

Ինչպես բլոգում գրում է քաղաքագետ, պատմաբան, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը, հիվանդանոցում որպես բուժակ աշխատող Գոռ Աստվածատրյանը, որը շաբաթ օրը երեկոյան եղբոր` շրջանի սոցիալ-ապահովության տարածքային կենտրոնի «տնօրեն» Նորայր Աստվածատրյանի եւ նրանց «ընկեր-հարազատության» հանցակցությամբ խուլիգանական հարձակում է գործել բժիշկներ Հայկ Հայկի Պետրոսյանի եւ Ստեփան Սարգսյանի վրա, ողջ բուժանձնակազմի ներկայությամբ կրկին առատ սպառնալիքներ է տեղացել` խոստանալով եղբոր վերադարձից հետո բժշկների նկատմամբ իրականացնել ֆիզիկական հաշվեհարդար:

Միեւնույն ժամանակ եղբայրների մայրը զանգահարել է մանկաբույժ Ստեփան Սարգսյանին` խոստանալով «լուծել» վերջինիս հարցերը: Բարեբախտաբար, ԼՂՀ Ոստիկանությունն արդեն սկսել է տեղի ունեցած անհանդուրժելի խուլիգանության քննությունը:

«Հուսանք, որ այն որեւէ արհեստական եւ կանխակալ խոչընդոտի չի հանդիպի: Իրավիճակը պահանջում է աչալուրջ վերահսկողություն: Նորայր Աստվածատրյանի գործունեությունը սոցիալ-ապահովության տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնում հարուցում է ահռելի թվով լուրջ հարցադրումներ, որոնց անգամ հասարակական հիմունքներով կատարվելիք մասնակի քննությունը կարող է հիմք հանդիսանալ` նշված անձին վարչական եւ քրեական խիստ պատասխանատվությանը ենթարկելու համար»,- նշել է Ա. Քանանյանը: