«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մայիսի 17–ին հանդիպելու է դաշինքի պատգամավորների հետ եւ վերջնականապես հստակեցնելու է հարցը՝ ով է շարունակելու պատգամավորական գործունեությունը, ով հրաժարվելու է մանդատից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը

Նշենք, որ Նապոլեոն Ազիզյանը եւս հստակ չգիտի՝ մանդատը վայր է դնելո՞ւ է, թե՞ ոչ, քանի որ ամեն ինչ կախված է Ծառուկյանի ցանկությունից։ Մինչդեռ Նապոլեոն Ազիզյանը այն ութ պատգամավորներից մեկն է, որ պայքարով ստացան մանդատը։ Ժողովի ժամանակ որոշվելու է այդ «ըմբոստներից» ովքեր են տեր կանգնելու իրենց մանդատներին եւ ովքեր են տուրք տալու Ծառուկյանի ցանկությանը։

«Ոչ մի նորություն չկա այս պահին, վաղը հավաքվում ենք, Ծառուկյանը ժողով է հրավիրել ու էնտեղ ամեն ինչ պարզ կլինի, այս պահի դրությամբ որեւէ մեկը ոչինչ չի կարող ասել»,–ասաց Ազիզիյանը։

Նշենք, որ Նապոլեոն Ազիզյանը խանդավառությամբ պատրաստվում էր ԱԺ անդրանիկ նիստը վարելուն՝ որպես 6–րդ գումարման խորհրդարանի ամենատարեց պատգամավոր, սակայն պարզվեց, որ ամենատարեցը Հանրապետական կուսակցությունից պատգամավոր դարձած քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովն է, որն էլ վարելու է նիստը։