Հայաստանում կատարված բարեփոխումների արդյունքում օտարերկրյա ընկերությունները ցանկանում են ներդրումներ կատարել հենց վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Երեւանում մեկնարկած Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման հեռանկարներին նվիրված մեկօրյա համաժողովից առաջ, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Նրա խոսքով, այս պահին 55 մեգավատ արեւային կայանի մրցույթը մեկնարկել է, որը կառուցելու համար միջինը մոտ 50 մլն դոլարի ներդրում է հարկավոր: Փոխնախարարը հույս հայտնեց, որ ակտիվ մրցույթ է լինելու, քանի որ աշխարհի տարբեր ծայրերից հայտեր կան:

«Մեր վերականգնվող էներգետիկ ռեսուրսը, կարելի է ասել՝ անսահմանափակ է. միայն 6000 մեգավատ արեւային տնտեսապես շահավետ ռեսուրս ունենք Հայաստանում։ Այլ հարց է, թե երբ եւ ինչ գնով դրանք պետք է կառուցվեն։ Դա կախված կլինի ընդհանուր սակագնային քաղաքականությունից եւ այն գնից, որ կստանանք այս մրցույթից»,-ընդգծել է նա:

Նշենք, որ Համաժողովը կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության եւ Կոնտուր Գլոբալ ընկերության հետ համատեղ: Համաժողովին մասնակցում են վերականգնվող էներգիայի մի քանի առաջատար ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ եւ շուրջ 70 հայկական ընկերություններ: