Մեքսիկայում բողոքի ակցիաներ են ընթացել՝ կապված հայտնի լրագրող Խավիեր Վալդեսի սպանության հետ: Բողոքի ակցիային մասնակցել են սպանվածի գործընկերները: Խավիեր Վալդեսի սպանությամբ ցնցված՝ ցուցարարները պահանջել են մեղավորներին պատժել եւ պաշտպանել լրագրողական համայնքին, փոխանցում է Euronews-ը:
Մեքսիկացի լրագրող եւ գրող Խավիեր Վալդես Կարդենասը սպանվել է երկուշաբթի Կուլյական քաղաքում՝ իր աշխատանքային գրասենյակի մոտ: Հարձակվողները կրակել են նրա մեքենայի վրա եւ թաքնվել:
Քննիչները կարծում են, որ սպանությունը անմիջական կապ ունի Վալդեսի պրոֆեսիոնալ գործունեության հետ: 50-ամյա լրագրողը Press Freedom Award մրցանակի 2011 թվականի դափնեկիրն է, հանրահայտ է դարձել հայրենի քաղաքում եւ ամբողջ երկրում թմրամաֆիայի, կազմակերպված հանցավոր բանդաների գործունեության մասին բազմաթիվ հրապարակումներով:





























