Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք՝ մեկն արտաքին թշնամին է, մյուսը՝ ներքին. արտաքին թշնամուն լավ ենք ճանաչում, գիտենք նաեւ նրա դեմ արդյունավետ պայքարելու ձեւերն ու եղանակները, բայց արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ասաց Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Նրո խոսքով ներքին թշնամին, որոշակի մտածողությունն ու որոշակի երեւույթներ են. «Այդ երեւույթներից ամենավտանգավորը, թերեւս, անարդարությունն է:

Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին: Ուստի մենք այսօր, առավել քան երբեւէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարեւոր է: Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը»:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը դիմեց բոլորին՝ ասելով. «Դիմում եմ բոլորին. մեզնից յուրաքանչյուրը, ինչպես որ պայքարել ու պայքարում է մեր հայրենիքի անկախության, նրա սահմանների անվտանգության համար, նույնպիսի նվիրվածությամբ ու ջանասիրությամբ պիտի պայքարի արդարության համար: Արդարությունը պետք է լինի այն կենարար գաղափարը, որով պետք է սնվեն մեր մանուկները, որով պետք է առաջնորդվեն մեր պետական ծառայողները, որով պետք է ապրեն մեր դատավորները:

Մեզնից յուրաքանչյուրն արդարությունը պետք է պաշտպանի առնվազն այնպես, ինչպես մեր զինվորն է այսօր մեր սահմանը պահպանում: Սահմանը լքելը բոլոր ժամանակներում դավաճանություն է դիտարկվել: Մեր հայրենիքի վաղվա օրվա հանդեպ դավաճանություն պիտի համարենք ցանկացած մեկի, առավել եւս դատավորի թույլ տված անարդարությունը:

Գուցե մի փոքր էմոցիոնալ ստացվեց ասելիքս, բայց երեւի այլ կերպ հնարավոր չէ. միայն լավ օրենքներով այս չարիքը մեզնից չենք կարող հեռացնել, ինչպես որ միայն լավ դեղամիջոցներով չենք կարող բուժվել, եթե չենք հավատում մեր ուժերին, մեր բուժվելուն ու ներքին ողջ լարումով դուրս չենք գալիս ներսից մեզ հյուծող չարիքի դեմ:

Վստահ եմ, որ Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքը, Դատական օրենսգիրքը, այս ոլորտին առնչվող այլ կանոնակարգումները եւ բոլորիս համատեղ ջանքերը նոր որակի են բարձրացնելու մեր արդարադատությունը: Այս ճանապարհին ցանկացած թուլացում անընդունելի է, այս ճանապարհից ցանկացած շեղում՝ դատապարտելի»: