Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ասաց Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, նախորդ տարվա ապրիլին ադրբեջանական ագրեսիան կրկին ցույց տվեց, որ ինչպես 1988 թվականին, այնպես էլ այսօր, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարը միակ ճիշտ ճանապարհն է։
«Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ու ժողովրդի անվտանգության երաշխավորման ամրագրումն այլընտրանք չունի։
Այս դիրքորոշումը հստակ արտահայտված է բանակցային գործընթացում։ Արցախյան հիմնահարցի կարգավորման հիմնական այս դրույթներում մեզ համար երկակի մեկնաբանություններ պարունակող ձեւակերպումներն անընդունելի են։
Մի կարեւոր հավելում եւս, որն աննախադեպ է հիմնահարցի հանգուցալուծման ջանքերի պատմության մեջ։ Առաջին անգամ թե՛ Արցախի ինքնորոշման իրավունքը, թե՛ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությունը, թե՛ Արցախի ու Հայաստանի միջեւ ցամաքային կապի դրույթն ամրագրված են համանախագահ երկրների ղեկավարների մի քանի համատեղ հայտարարությունների մեջ։ Այսինքն, սա եւս մեկ անգամ վկայում է, որ այն պնդումը, թե տարեցտարի Հայաստանի բանակցային դիրքերը թուլանում են, որեւէ քննադատության չի դիմանում:
Հիմնահարցը մինչ այժմ չի կարգավորվել ոչ թե Հայաստանի, կամ միջազգային միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի, որը խաթարում է բանակցային գործընթացը, որը ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է եւ չի թաքցնում դա։ Քանի-քանի անգամ Ադրբեջանի ղեկավարությունը հոխորտացել է, որ ժամանակն իր օգտին է աշխատում եւ իբր Բաքվին մնում է միայն նստել ու սպասել, թե երբ իր նավթադոլարներով սնուցվող բանակն այնքան ուժեղ կլինի, որ հակամարտությունը լուծի իր օգտին։
Չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե ժամացույցի սլաքը շփման գծի միայն մեկ կողմում է պտտվում։
Մենք ցանկանում ենք, որ հիմնախնդիրն օր առաջ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվի, բայց եւ պատրաստ ենք ու այսուհետ եւս պատրաստ կլինենք մեր հայրենիքը, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը պաշտպանել ամեն գնով»,-ընդգծեց ՀՀ նախագահը:





























