Նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստն այսօր՝ մայիսի 18-ին, սկսվել է թեժ քննարկմամբ:
Պատգամավորների գրանցումից հետո նիստը վարող Կնյազ Հասանովը հայտնեց, որ առաջինը քննարկվելու է հաշվիչ հանձնախմբի ստեղծման հարցը:
«Հանձնախումբը կազմված է լինելու 9 անդամից, ըստ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների համամասնության՝ ՀՀԿ-ից կլինի 5 անդամ, «Ծառուկյան» դաշինքից՝ 2, «Ելք»-ից եւ ՀՅԴ-ից՝ 1-ական»,- ասաց նա:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, սակայն, չհամաձայնվեց. Նախ իրենք քննարկման չեն մասնակցել, հետո առաջարկում են յուրաքանչյուր խմբակցությունից լինի 2-ական անդամ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն իր հերթին նախ շնորհավորեց «Ելք»-ին՝ խորհրդարան անցնելու կապակցությամբ, ապա հորդորեց առաջինը քվեարկության դնել Հասանովի կողմից ընթերցված առաջարկը, որից հետո միայն Նիկոլ Փաշինյանի:
«Պարոն Նիկոլյան… պարոն Փաշինյան, ես երեկ հեռախոսով խոսել եմ ձեզ հետ, ասել եմ, որ նման առաջարկ ունենք, դուք էլ ասել եք, թե ձեր դիրքորոշումը կհայտնեք վաղը, հիմա ինչո՞ւ եք ասում, թե ձեզ չենք հայտնել այդ մասին»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Կնյազ Հասանովը քվեարկության դրեց իր կողմից ընթերցված առաջարկը, որին կողմ քվեարկեց 51 պատգամավոր, դեմ՝ 8: Դահլիճում աղմուկ սկսվեց, Նիկոլ Փաշինյանը տեղից պահանջում էր ձայն տալ իրեն: Կնյազ Հասանովն առաջարկեց քվեարկության դնել Փաշինյանի առաջարկը: Այս անգամ էլ Շարմազանովն էր տեղից նշում, որ նման բան հնարավոր չէ: Այնուամենայնիվ, Փաշինյանի առաջարկը դրվեց քվեարկության. կողմ քվեարկեց 10 պատգամավոր, առաջարկը չընդունվեց:
ՀՀԿ-ից հաշվիչ հանձնախմբում կլինեն Գագիկ Մելիքյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Շիրակ Թորոսյանը, «Ծառուկյան» դաշինքից՝ Արայիկ Աղաբաբյանը, Շաքե Իսայանը, «Ելք»-ից՝ Լենա Նազարյանը, իսկ ՀՅԴ-ից՝ Սուրեն Մանուկյանը:





























