Հայաստանի Ազգային ժողովում իսկական նախընտրական արշավ է: Նորընտիր պատգամավորներն այսօր՝ մայիսի 18-ին, 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում հարցեր են ուղղում խորհրդարանի խոսնակի թեկնածուներին:

«Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունից Արտակ Զեյնալյանը ՀՀԿ-ից թեկնածու Արա Բաբլոյանին ուղղված հարցադրման մեջ հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը գրեթե բոլոր տարեկան հաղորդումներում արձանագրում է. ԱԺ-ն չի կատարում ՍԴ-ի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, մինչեւ հիմա օրենքները չի համապատասխանեցրել 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններին, փոփոխություններ պետք է արվեն նաեւ 2015-ի հանրաքվեից հետո: Զեյնալյանը հետաքրքրվեց խնդրի շուրջ Բաբլոյանի դիրքորոշմամբ եւ հարցրեց՝ ի՞նչ կոնկրետ լուծումներ է առաջարկում:

Արա Բաբլոյանի պատասխանը հակիրճ էր. «Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են մեզ համար: Եթե ընտրվեմ, կանդրադառնամ այդ որոշումներին, կուսումնասիրեմ, միասին կանդրադառնանք դրանց իրականացմանը»: