Շնորհակալ եմ «Ելք» դաշինքի իմ գործընկերներին՝ իմ թեկնածությունն առաջադրելու համար, եւ հույս ունեմ, որ քվեարկության արդյունքներով ցույց կտաք, թե այն տեքստերը, որ ասվում են փոխզսպումների, հակակշիռների մասին, որքանով են իրական: Այսօր՝ մայիսի 18-ին 6-րդ գումարման Ազգային ժողովում ունեցած եզրափակիչ ելույթում այս մասին հայտարարեց «Ելք» դաշինքից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի խոսքով՝ անգամ վերջին ելույթների կոնտեքստում ելք կա: «Մենք ցույց ենք տալիս, թե ելույթներն ու գործողությունները որքանով են միմյանցից տարբերվում: Ամեն դեպքում՝ մենք կարծում ենք, որ ելք կա»,- հայտարարեց պատգամավորը:

«Մենք յուրաքանչյուր իրավիճակում ելք ենք առաջարկելու, քանի որ կարծում ենք, որ նույնիսկ այս իրավիճակում ՀՀԿ խմբակցությունն ունի հնարավորություն ավելի լավ որոշումներ կայացնելու, քան այն որոշումները, որ կայացվել են այս դահլիճից դուրս»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանն ու «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյանը: 6-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատներից 58-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9-ը՝ «Ելք»-ին, 7-ը՝ ՀՅԴ-ին: Ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արա Բաբլոյանը, որի թեկնածությունը պաշտպանում է քաղաքական մեծամասնությունը, որի կազմում է նաեւ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն: