Մայքլ Ֆլինն ու Դոնալդ Թրամփի մյուս խորհրդականները առնվազն 18 զանգ ու էլեկտրոնային հաղորդագրություն են փոխանակել ռուս չինովնիկների ու Կրեմլի հետ կապված այլ անձանց հետ, 2016-ի նախագական ընտրապայքարի վերջին յոթ ամիսների ընթացքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով գործող ու նախկին ամերիկացի չինովնիկներին, որոնք ծանոթ են իրավիճակին։
Նոր տեղեկությունները համալրում են այն դոսյեն , որը հիմա ուսումնասիրում են ՀԴԲ-ն ու Կոնգրեսի քննիչները՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության ու Ռուսաստանի հետ Թրամփի շտաբի շփումների հետաքննության շրջանակում։
Երեք գործող ու նախկին չինովնիկները ասել են, որ մինչ այդ անհայտ շփումներից վեցը ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի ու Թրամփի խորհրդականների հեռախոսազրույցներն են։
Ֆլինի ու Կիսլյակի զրույցները հաճախացել են նոյեմբերյան ընտրություններից հետո, քանի որ նրանք քննարկում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի կապի ուղիների ստեղծումը՝ շրջանցելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը, որը երկու կողմերի կարծիքով թշնամական էր տրամադրված հարաբերությունների բարելավմանը, ասել են չորս գործող ամերիկացի չինովնիկներ։
Աղբյուրները նշել են, որ այս պահի դրությամբ ուսումնասիրված շփումներում չեն նկատել Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի դավադիր պայմանավորվածության կամ հանցավոր գործողությունների որեւէ ապացույցներ։ Սակայն ստացված տեղեկությունները կարող են ուժեղացնել ՀԴԲ-ի ու Կոնգրեսի կողմից Թրամփի ու նրա խորհրդականների վրա ճնշումները։
18 հեռախոսազանգերն ու էլեկտրոնային հաղորդագրությունների փոխանակությունը տեղի է ունեցել 2016-ի ապրիլից մինչեւ նոյեմբեր՝ այդ ընթացքում է իրականացվել նաեւ Հիլարի Քլինթոնի գրասենյակի դեմ կիբերհարձակումը, ինչը բարձրացրել է Թրամփի հաղթանակի շանսերը։ Հունվարին ամերիկյան հատուկ ծառայությունները հայտնել էին, որ այդ հարձակման հրամանը Պուտինն էր տվել։
Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովների անդամները դիմել են ԿՀՎ ու ԱԱԳ, որպեսզի ուսումնասիրեն հեռախոսազրույցների ձայնագրությունները։
Վեց հեռախոսազանգերից բացի, որոնց մասնակցել է Կիսլյակը, ամերիկացի չինովնիկները հայտնել են նաեւ եւս 12 հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների կամ տեքստային հաղորդագրությունների մասին, որոնք փոխանակել են ռուս չինովնիկները կամ Պուտինի շրջապատի անձիք Թրամփի օգնականների հետ։
Այդ մարդկանցից մեկն էլ ուկրաինացի օլիգարխ ու քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկն է, ասել է աղբյուրներից մեկը։
Պարզ չէ, թե Թրամփի շտաբից հատկապես ում հետ է կապ հաստատել Մեդվեդչուկը, սակայն քննարկվող թեմաներից մեկն է եղել ռուս- ամերիկյան համագործակցությունը, նշում են աղբյուրները։ Մեդվեդչուկը հերքել է Թրամփի շտաբից որեւէ մեկի հետ իր շփումների մասին տեղեկությունը։
Մեդվեդչուկից ու Կիսլյակից բացի Պուտինի հետ կապակցված մյուս անձանց անունները, ինչպես նաեւ Ֆլինից բացի Թրամփի մյուս խորհրդականների անունները, որոնք մասնակցել են վերոնշյալ զրույցներին, հատուկ ծառայությունների զեկույցներում ուղղակիորեն չեն հիշատակվում։





























