Հայաստան են ժամանել մի խումբ վիետնամցի գործարարներ՝ ուսումնասիրելու համատեղ տեքստիլ արտադրության հնարավորությունները։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, որը կազմակերպել էր պատվիրակության այցելությունը։
Վիետնամցի ձեռներեցներին, որքան էլ զարմանալի չլինի, գրավում է արտադրանքի ինքնարժեքը ։
«Նրանք տեսել են տեղական վերնաշապիկները ու հարցրել, թե դրանք որքան արժեն խանութներում։ Պարզվել է՝ 5-10 դոլար։ Նրանք ասում են, որ այդ նույն որակի վերնաշապիկները Եվրոպայում 50-70 դոլարով են վաճառվում»,- նկատեց Ասոյանը։
Նրանց համար եւս մեկ առավելություն է GSP+ ռեժիմով արտոնյալ մաքսային սակագները ԵՏՄ արտահանելիս ։ 2016-ի փետրվարին Վիետնամը ԵՏՄ-ի հետ ստորագրել է ազատ առեւտրի մասին համաձայնագիր, սակայն տեքստիլից մաքսատուրքը հանելու համար Վիետնամի համար սահմանել են 3-7 տարի անցումային ժամանակաշրջան։ Ժամանակը փող է ՝ այդ սկզբունքով վիետնամցի գործարարները անմաքս արտահանման նոր հնարավորություն են փնտրում՝ այստեղ ու հիմա։
«Հիմա նրանք քննարկում են հայկական կարի արտադրամասների հետ համատեղ աշխատանքի հնարավորությունները։ Վիետնամի օգուտների մասին ես արդեն հիշատակեցի։ Իսկ Հայաստանի համար օգուտ կլինի վիետնամցի աշխատողների բարձր արտադրական մշակույթն ու կարգապահությունը»,- նկատեց Ասոյանը։
Վիետնամցի ձեռներեցների հետ Ասոյանը մտադիր է նորից հանդիպել Մոսկվայում։ Իսկ հանդիպման արդյունքներով Հայաստանի առեւտրային ներկայացուցիչն ուզում է հավաքել արդեն խոշոր բիզնես առաքելություն, ոլորտների բաժանված։ Առաջնային պետք է լինեն նորից թեթեւ արդյունաբերությունն ու ոսկերչությունը ( այս ոլորտները Հայաստանը կարեւոր է համարում իր արտահանման համար)։





























