Բելգիահայ գործարար Յաննիկ Քալանթարյանն ուզում է Հայաստանում անցկացնել շների սահնակային մրցավազքի Աշխարհի գավաթի փուլերից մեկը։ Այս մասին նա հայտնել է NEWS.am-ի թղթակցին Հայաստանի, Բելգիայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ձեռներեցների հանդիպման ժամանակ, Երեւանում։ Հանդիպման կազմակերպիչներն են ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունն ու Հայ- բելգիական առեւտրային պալատը։

Շների սահնակային մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (IFSS) արդեն հավանություն է տվել Հայաստանին, որպես մրցույթների անցկացման վայր, սակայն դեռ չի ներառել այն իր ժամակացույցում։

Սահնակային մրցավազքը իրականացվում է եւ ձյան վրա, եւ սովորական հողի։ Ձյան վրա մրցավազքը, հասկանալի պատճառներով, իրականացվում է հյուսիսային լայնություններում։ Սակայն Քալանթարյանն այս հարցին վերաբերվում է հայկական մաքսիմալիզմով։

«Դեռ չգիտենք, թե որ ամսին է անցնելու մրցավազքը, բայց կարեւոր է, որ ձյուն լինի։ Եթե չլինի, դա արդեն այն չի լինի»,- վստահ է Քալանթարյանը։

Սահնակային մրցավազքի համար պետք է առնվազն 30-40 կմ երկարության երթուղի։ Իսկ փոքրիկ Հայաստանում նման երթուղի գտնելն այդքան էլ հեշտ չէ։

Այս մասին Քալանթարյանն արդեն խոսել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի հետ։ Ավանդական Ծաղկաձորը հարմար չէ ՝ լանջերը վատը չեն, բայց երթուղիները չափից կարճ են։

Այնուամենայնիվ որոշումը կայացվել , իսկ մնացածը՝ տեխնիկայի հարց է, համարում է Քալանթարյանը։

Պետք է հոգ տանել նաեւ շների մասին։ Նրանց կյանքը «շան կյանք չէ», համենայն դեպս այդ արտահայտության սովորական իմաստով։

Նախ, մրցարշավից մրցարշավ տեղափոխությունների միջեւ ժամանակ է պետք, որ շները հասցնեն հանգստանալ։

Երկրորդ, շներին պետք է տեղափոխել օդանավերով, իսկ յուրաքանչյուր օդանավով առավելագույնը երեք շուն է հնարավոր տեղափոխել, մինչդեռ դրանց ընդհանուր քանակը մոտ 100 է լինելու։ Յուրաքանչյուր շանը փոխադրելու ու պահելու համար պետք է ծախսել մոտ 30 հազար դոլար։ Հովանավոր արդեն կա՝ շան կերերի ամենախոշոր արտադրողներից մեկը, հավելեց Քալանթարյանը։

Իսկ բուն մրցարշավի հաշվին ոչ մասնակիցները, ոչ ֆեդերացիան փող չեն վաստակում։ Այդ մրցույթները կարելի է անարգել նկարահանել ու հեռարձակել։ Հիմնական եկամուտը ստացվում է չեմպիոն շների վաճառքից։ Նման շները կարող են նույնիսկ 100 հազար դոլար արժենալ, նշեց Քալանթարյանը։