Հանրապետական խմբակցությունն առաջարկում է ԱԺ մշտական հանձնաժողովները 12-ից դարձնել 9-ի:
Այսօր՝ մայիսի 19-ին, խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը նշեց, որ կրճատման համար կա 3 գործոն՝ պատգամավորների թվի կրճատում, ծանրաբեռնվածության ոչ համաչափ բաշխումն ու քաղաքական:
Հրայր Թովմասյանի խոսքով՝ եթե նախորդ գումարման Ազգային ժողովն ուներ 131 պատգամավոր, ներկայումս պատգամավորների թիվը 105-ն է: Երկրորդ գործոնը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, հանձնաժողովների միջեւ ծանրաբեռնվածությունների տարբերությունն է: Վիճակագրության համաձայն՝ նախորդ գումարման Ազգային ժողովում ընդունվել է 1120 օրենք, որոնցից 72-ը՝ մայր օրենք, իսկ 1048-ը՝ փոփոխություններ եւ լրացումներ: Ըստ այդմ, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է 302 նախագիծ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ 287:
«Մյուս հանձնաժողովներում քննարկվել են բավականին քիչ նախագծեր, եթե համեմատենք տնտեսական եւ պետաիրավական հանձնաժողովների հետ: Այս երկու հանձնաժողովների թվին մոտ է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, սակայն պետք է հաշվի առնել, որ Սահմանադրական փոփոխություններում այսուհետ միջազգային պայմանագրերը վավերացվելու են օրենքների միջոցով, հետեւաբար ենթադրվում է, որ այս պայմանագրերը պետք է քննարկվեն պրոֆիլային հանձնաժողովներում»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Երրորդ գործոնը քաղաքական է: Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ առաջիկայում Հայասռանն ու Եվրամիությունը համագործակցության համաձայնագիր է ստորագրելու, որի շրջանակում կարեւոր է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Չնայած այս հանձնաժողովն այնքան էլ ծանրաբեռնված գրաֆիկով չի աշխատում, անհրաժեշտ է պահել այս հանձնաժողովը:
Հաշվի առնելով այս երեք գործոնները՝ ՀՀԿ-ն առաջարկեց միավորել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովներն ու ունենալ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավուքնների պաշտպանության մշտական հանձնաժողովը: Առաջարկվեց նաեւ միավորել Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման եւ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովները:
«Տնտեսական եւ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովներում առաջարկում ենք, որ լինեն 15-ական անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում՝ 10, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում՝ 10, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ 10, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման եւ Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում՝ 11, Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում՝ 11, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում՝ 11»,- ասաց Հրայր Թովմասյանը:





























