Կոտայքի մարզի Առինջ գյուղի տներից մեկի լոգարանում անցած տարվա նոյեմբերին երիտասարդ կնոջ մահվան մեջ մեղադրվող փականագործ Դեբետ Շ.-ն տուգանվել է 500 հազար դրամով:

Նախաքննությամբ պարզվել էր, որ «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ի փականագործ Դեբետ Շ.-ն ստուգայցերի ժամանակ ստուգել եւ պատշաճ կարգով չի արձանագրել հայտնաբերված խախտումները: Մասնավորապես, նա չի արձանագրել Առինջ գյուղի առանձնատաններից մեկի գազասպասարկման համակարգերի անհամապատասխանությունը նախագծային փաստաթղթերին, համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նշված առանձնատան լոգարանում խախտումների առկայության պայմաններում ապօրինի կերպով ինքնակամ տեղակայված գազային արագային ջրատաքացուցիչի ծախսօդատար համակարգի կիսակառույց վիճակի, օդի ներհոսքի լոգարանի դռան եւ հատակի միջեւ անհրաժեշտ բացվածքի բացակայության պայմաններում առկա էական եւ ակնհայտ խախտումները վերացնելու համար:

Այս ամենի հետեւանքով տեղի է ունեցել արագային ջրատաքացուցիչում գազաօդային խառնուրդի թերայրում, այրման արգասինքները ամբողջությամբ մթնոլորտ դուրս չեն մղվել, առաջացել է շմոլ գազի անթույլատրելի քանակով կուտակում լոգարանում, ինչի հետեւանքով 30-ամյա Տաթեւիկը մահացել է:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում փականագործը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Միջնորդությունը բավարարվել է: Իր հերթին տուժողի իրավահաջորդը հայտարարել է, որ որեւէ բողոք կամ պահանջ ամբաստանյալից չունի:

Դատարանը Դեբետին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ տուգանել 500 հազար դրամով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում 2016թ. նոյեմբերի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել: Գյուղի տներից մեկում հայրը լոգարանում հայտնաբերել է դստեր դին։