«Ծառուկյան» դաշինքից երեք պատգամավոր՝ նախկին ՀՀԿ–ական Խաչիկ Մանուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Արտյոմ Ծառուկյանը նախորդ շաբաթ մանդատները վայր դնելու դիմումներ էին ներկայացրել Աժ նախագահին։ Նրանք այն ութ պատգամավորների թվում էին, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հետ վերցրին ինքնաբացարկի դիմումները եւ ստացան մանդատները։ Ըստ «Ծառուկյան» դաշինքի ցուցակի՝ մանդատները վայր դրած պատգամավորներին փոխարինելու են Գեւորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը եւ Հակոբ Նազարյանը։

Գեւորգ Պետրոսյանը առաջադրվել էր թիվ 1 ընտրատարածքում, ստացած քվեներով՝ երրորդ տեղում է։ Նրան նախորդում է ին Արտյոմ Ծառուկյանը եւ Արթուր Մամոյանը։ Պետրոսյանը նախկինում 6 ամիս զբաղեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, երբ ԲՀԿ–ն կոալիցայի կազմում էր։ Ի դեպ, երբ Նաիրա Զոհրաբյանը ստանձնել էր ԲՀԿ ղեկավարի պաշտոնը, Գեւորգ Պետրոսյանին հեռացրել էր կուսակցությունից իրեն «կեղծ ընդդիմություն» անվանելու ու քննադատելու համար, ինչի կապակցությամբ Պետրոսյանը սպառնում էր դատի տալ Նաիրա Զոհրաբյանին։  Նորա Առուստամյանը առաջադրվել էր Արագածոտնի մարզում, որտեղ ստացած քվեներով Խաչիկ Մանուկյանին է հաջորդում։ Նա ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնականն է, «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը։

Հակոբ Նազարյանը ԲՀԿ Մալաթիա–Սեբաստիա տարածքային կառույցի ղեկավարն է։ Նա խորհրդարան է գնալու այս ընտրատարածքում ստացած քվեներով իրեն գերազանցած Հարություն Ղարագյոզյանի մանդատը վայր դնելու արդյունքում։ «Ծառուկյան» դաշինքից NEWS.am–ի հետ զրույցում հաստատել են, որ այս թեկնածուներն են ստանալու մանդատները։