Ուռուցքաբանության ազգային կենտրոնում 2015թ. մարտի 12-ին մահացած 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը:

«Մենք, սակայն, համաձայն չենք այդ որոշման հետ եւ պատրաստվում ենք բողոքարկել որոշումը դատարան»,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ մահացած կնոջ հարազատները կատարվածում մեղադրում են հիվանդանոցի բժիշկներին:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ 61-ամյա Սվետլանա Պետրոսյանի մոտ 2015թ. հունվարի 12-ին հայտնաբերվել էր կրծքագեղձի քաղցկեղ: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կինը մարտի 2-ին քիմիաթերապիա էր ընդունել: Մահացածի որդին պնդում է, որ մայրն առանց լյարդի պատշաճ հետազոտության է ենթարկվել քիմիաթերապիայի, ինչի հետեւանքով լյարդային անբավարարության պատճառով 10 օր անց՝ մարտի 12-ին անց մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն: