Արտավազի՝ կառավարության որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված 136 հողակտորներից 30-ի սեփականատերերը պայմանագիր են ստորագրել գյուղապետարանի հետ, հողի դիմաց փոխհատուցում են ստացել եւ գոհ ու շնորհակալ հեռացել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանը՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եղբայրը, հավելելով. «Իրենց հողակտորները վաճառելուն դեմ է միայն հինգ ընտանիք, իսկ մնացած հողակտորների սեփականատերերը փաստաթղթեր են պատրաստում՝ իրենց պատկանող հողակտորի դիմաց փոխհատուցում ստանալու համար»:

Նա նշեց, որ հիշյալ հողակտորները գնահատվում են անկախ գնահատողի կողմից եւ դրանց սեփականատերերին մեկ հեկտարի դիմաց մինչեւ 7-8 հազար դոլար է վճարվել: Իսկ մյուս մասին էլ համայնքապետի կողմից առաջարկվել է որպես փոխհատուցում այլ վայրում հող հատկացնել: «Կան նաեւ մի երկու հոգի, ովքեր չեն ցանկանում իրենց հողը վաճառել: Նրանք, իմ իմանալով, աղանդավոր են: Բայց դե ինչ արած, գնացքն արդեն գնացել է, քանի որ կառավարությունը գերակա շահ է ճանաչել այդ հողատարածքը»,-հայտարարեց Աբրահամյանը:

Նա, ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, արաբ մի շեյխի հետ հանդիսանում է նշված գյուղում տեղակայված 1300 հա տարածքով 136 հողակտորների սեփականատերը եւ մտադիր է նշված վայրում հանքային ջրերի արդյունահանման ու շշալցման գործարան կառուցել: Իսկ հողակտորների սեփականատերերը, որոնց մի մասը երեկ բողոքի ակցիա էր անցկացնում Կառավարության շենքի առաջ, պահանջում է չեղյալ հայտարարել կառավարության համապատասխան որոշումն ու վերադարձնել իրենց սեփականություն հանդիսացող հողակտորները:

Գյուղացիները պնդում են, որ Գագիկ Աբրահամյանն իրականում այլ մտադրություններ ունի եւ որոշել է այդ վայրում զվարճանքի օբյեկտ կառուցել, մինչդեռ իրենց համար նշված հողակտորները ապրուստի միակ աղբյուրն են: Արդեն հայտնել ենք, որ հիշյալ տարածքի հողակտորներից մեկն էլ պատկանում է «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին, ով մտադիր էր հիդրոէլեկտրակայան կառուցել եւ ունի կառավարության համապատասխան թույլտվությունը:

Գագիկ Աբրահամյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն այս ընթացքում զրուցել է Սասուն Միքայելյանի հետ եւ ներկայացրեց զրույցի բովանդակությունը. «Մենք զրուցեցինք, բավական երկար, նորմալ խոսեցինք, ինձ թվաց, թե ընդհանուր հայտարարի եկանք,  բայց նա հետո ասեց, որ չէ, չի համաձայնվում: Սկսեց հարցը քաղաքականացնել: Ես էլ ասացի, Սասուն ջան, գիտե՞ս ինչ, մենք այսպիսի նպատակներ ունենք այդ հողերի հետ կապված, ինքն էլ ասեց, չէ, համաձայն չեմ: Բայց ես ի՞նչ կարող եմ անել… Դուք լինեիք իմ փոխարեն, ի՞նչ կանեիք»,-նեղսրտեց Աբրահամյանը:
Հ.Գ. Թո ո՞վ է արաբ շեյխն ու գերակա շահ ճանաչված տարածքի ո՞ր մասն է նրա սեփականությունը՝ Գագիկ Աբրահամյանը գաղտնի պահեց. «Այդպիսի հարցեր չեն տալիս: Նա համաձայն չէ, որ ես ասեմ»: Նա միայն նշեց, որ նախագծի իրագործումը բխում է տեղի գյուղացիների շահերից, քանի որ նրանք աշխատատեղեր են ունենալու: Ինչ վերաբերում է արտադրվելիք ջրին, ապա այն, ըստ Աբրահամյանի, արտահանվելու է Հայաստանից: «Ի՞նչ վատ է, բոլորը դրսում են ներդրում անում, իսկ մենք դրսից բերում ներսում ենք ներդում անում, իսկ որոշ մարդիկ էլ փորձում են հարցը քաղաքականացնել»:

Ի դեպ, գյուղացիներից ոմանք կարծում են, որ իրենցից վերցված հողատարածքում կառուցվելու է բնավ ոչ գործարան, այլ «զվարճանքի վայր»:

«Լա~վ, էլի, ում մտքով կանցնի սար ու չոլի մեջ զվարճանքի վայր կառուցել: Դուք, օրինակ, կայցելե՞ք նման տեղում գտնվող զվարճանքի վայր»,-ասաց պատգամավորը:

Հեղինե Մանուկյան