Այսօր` նոյեմբերի 23-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն» եւ բնագիտական /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/ առարկաների ուսուցիչների մրցույթի հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:
Հայ առաքելական եկեղեցին եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն արդեն 7-րդ տարին է, որ նման մրցույթներ են կազմակերպում:
«Բարձր ենք գնահատում ձեր նվիրվածությունը ձեր աշխատանքին, որ մեր երեխաների մեջ դաստիարակում եք հայրենասիրություն, եկեղեցասիրություն, մնալով ազգային արժեքների ձեւավորողն ու նրանց հոգիները զորացնողը: Դուք մասնակցում եք պատասխանատվությամբ եւ մեր զավակներին կրթում եք այն արժե քներով, այն բարոյական արժեհամակարգով, որի վրա պիտի կառուցվի մեր երկիրը»,- ասել է Գարեգին Բ-ն:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ նշել է. «Կրթական համակարգը պատրաստում է ապագայի հայ քաղաքացուն, ով իր մեջ բացի գիտելիքից, ժողովրդավարական եւ այլ արժեքներից, պետք է կրի նաեւ հայ քրիստոնյայի դարավոր արժեքները: Մեր Սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային ինքնության պահպանման, հոգեւոր եւ մշակութային դաստիարակության հարցում: Ազգային ինքնությու նը դա մտածելակերպ է, որը քեզ համահունչ է դարձնում քո ազգին բնորոշ քաղաքակրթական տարրերին: Ով դա կանի ավելի լավ, քան եկեղեցին»:
Նախարարը նաեւ նշել է, որ առանց եկեղեցու չկա կրթություն, չկա բանակ, եւ այդ համագործակցությունն օրեցօր ավելի մեծ զարգացում է ստանում: Նկատենք, որ ՀՀ քաղաքացիներ են նաեւ ոչ քրիստոնյա եզդիները, որոնք եկեղեցու հետ առնչություն չունեն, սակայն եւ կրթվում են եւ ծառայում հայոց բանակում:
Նշենք, որ «Լավագույն ուսուցիչ» մրցույթին, որն անց է կացվում երկու փուլով` մարզային եւ հանրապետական, 2010 թվականին մասնակցել է շուրջ 150 ուսուցիչ: Նրանցից 38-ը մասնակցել է հանրապետական փուլին, որոնցից 4-ն արժանացել են առաջին մրցանակի, 8-ը՝ երկրորդ, 11-ը՝ երրորդ ։
Մրցույթի հանրապետական փուլի բոլոր մասնակիցներն ստացել են նվերներ, իսկ մրցանակակիրները՝ դրամական պարգեւներ եւ պատվոգրեր:





























