Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 23-ի նիստում` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ, հաստատել է 2011 թ. ՀՀ ԿԲ կողմից առեւտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցը եւ դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման ժամանակացույցը:

ԿԲ մամուլի ծատռայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհուրդը գրանցել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության որոշումներով հաստատված կանոնների փոփոխություններն ու լրացումները:

Խորհրդի որոշմամբ վերաձեւակերպվել է «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի ներդրումային ծառայությունների լիցենզիան, կազմակերպությանը տրամադրվել են լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիաներ: Վերաձեւակերպվել է «ԷԿԼՕՖ» («Էկումենիկ եկեղեցական փոխատվական ֆոնդ») ՈՒՎԿ ՍՊԸ-ի լիցենզիան, ուժը կորցրած է ճանաչվել «Բոգարտո» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 102 եւ «ԱՐՄԻՍ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 150 լիցենզիաները:

Խորհուրդը որոշել է հրատարակել «Ֆինանսական կայունության հաշվետվություն» պարբերականի 2010 թ. առաջին կիսամյակի նյութը:

Հաստատվել են ԿԲ 2010 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը եւ ՀՀ ԿԲ 2010 թ. ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների ծրագրի երրորդ եռամսյակի եւ ինը ամսվա կատարողականը: