Շիրակի մարզի Ջաջուռ համայնքում փետրվարի 14-ին արտաքնոցում նորածնի հայտնաբերման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նորածնի ծնողների մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել:

NEWS.am-ի հետ զրույցում մահացած փոքրիկի հայրը` Սամվել Բաղդասարյանը, հայտնեց, որ իրենք հարցաքննվել են միայն սկզբնական շրջանում, իսկ հետո որեւէ քննչական գործողության չեն մասնակցել:

Սամվել Բաղդասարյանը տեղյակ չէր նաեւ, թե ինչ փուլում է նախաքննությունն այժմ:

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` 2017թ. փետրվարի 14-ին ժամը 14:20-ին Ախուրյանի շտապբուժօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ «վաղ հետծննդյան շրջան» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի բնակչուհին, որը հայտնել է, որ հղիության 8-րդ ամսվա ընթացքում սուր ցավերի հետեւանքով տան բակում գտնվող արտաքնոցում կորցրել է իր երեխային:

Պարզվել է, որ 30-ամյա կինը որովայնի եւ աճուկային հատվածներում ունեցել է ցավեր, սկսել են հոսել պտղաջրերը, իրենց տնից վերցրել է պոլիէթիլային տոպրակ, այն դրել է պլաստմասե թասի մեջ, որպեսզի պտղաջրերը լցվեն թասի մեջ, այնուհետեւ ցանկություն է առաջացել բնական կարիքները հոգալու եւ գնացել է արտաքնոց, որը գտնվում է դրսում: Արտաքնոցում զգացել է, որ իրենից ինչ-որ կշիռ պոկվել-ընկել է։ Հասկանալով, որ ծննդաբերել է՝ անմիջապես այդ մասին հայտնել է հարազատներին, զանգահարել են շտապօգնություն եւ նրան անմիջապես տեղափոխել են բժշկական կենտրոն։

Դեպքի վայրի զննությամբ արտաքնոցի անցքում՝ 2 մետր խորության վրա, հայտնաբերվել է իգական սեռի պտղի դիակ՝ պոլիէթիլենային տոպրակի վրա ընկած:

Ընտանիքն ունի երեք երեխա` ծնված 2009, 2010. 2015 թթ., 4-րդ հղիությունը եւս հաշվառված է եղել եւ այն ընթացել է նորմալ:

Վաղաժամ ծննդաբերության պատճառները կպարզվի փորձաքննությամբ: Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ` դեպքի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար եւ միայն դրանք ստանալուց հետո կտրվի համապատասխան իրավական գնահատական, իսկ քրեական գործի հարուցումը պայմանավորված է` բազմակողմանի քննությունն իրականացնելու անհրաժեշտությամբ: