Նոյեմբերի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել արդեն 9-րդ տարին անցկացվող «Լավագույն ուսուցիչ» ամենամյա հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը:  Հանդիսությանը ներկա են եղել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Մայր Աթոռի միաբաններ, ԿԳՆ եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության ներկայացուցիչներ, Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ:

Մրցույթն անցկացվել է «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն» եւ բնագիտական առարկաների գծով:

Ամփոփելով մրցույթի արդյունքները`  ԿԳՆ հանրակրթական վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ մրցույթի մասնակից 150 ուսուցիչներից 38-ն անցել են եզրափակիչ փուլ: Նրանց Գարեգին Բ-ն ու Արմեն Աշոտյանը հանձնել են մրցույթի մասնակցության վկայականներ, դրամական պարգեւներ եւ հոգեւոր գրականություն:

Առաջին մրցանակի է արժանացել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Անժելա Խոսրովյանը (Հրազդանի թիվ 1 ավագ դպրոց),  «Հայոց լեզվի եւ գրականություն» առարկայի ուսուցիչ Արթուր Միքայելյանը (Օշականի հիմնական դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Անահիտ Դավթյանը (Դաշտավանի միջն. դպրոց) եւ «Քիմիա» առարկայի ուսուցիչ Դավիթ Ավագյանը (Ծովագյուղի միջն. դպրոց): Երկրորդ մրցանակ ստացել է 8 ուսուցիչ, իսկ երրորդ մրցանակ` 10-ը: Մրցանակներ են տրվել նաեւ մրցույթի մասնակից եւս 16 ուսուցչի: