Բրիտանիայի ոստիկանությունը հաստատել է, որ Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվում է 22-ամյա Սալման Աբեդին, հայտնում է Reuters-ը ։ Ոստիկանապետ Իան Հոփկինսը նշել է, որ հիմա ոստիկանությունը փորձում է պարզել, արդյոք նա մենակ է գործել, թե ավելի ծավալուն ցանցի մի մասն է եղել։

 «Մենք կասկածում ենք 22-ամյա Սալման Աբեդիին։ Սակայն մենք դեռ չենք ստացել հաստատում, այնպես որ այդ առթիվ դեռ ոչինչ չենք մեկնաբանում»,- ասել է Հոփկինսը։

Նախօրեին երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, տեղի է ունեցել ահաբեկչություն։ Մանչեսթերի ոստիկանությունը հայտնել է, որ ահաբեկչությունն իրականացրել է մահապարտը։ Վերջին տեղեկություններով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։ Ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետությունը»