Իսրայելի Էյլաթ քաղաքում նոյեմբերի 11-14-ը տեղի է ունեցել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղի աշխարհի 8-րդ առաջնությունը, որին մասնակցել է 18 երկրի ավելի քան 80 թիմ: Առաջնության արդյունքներին, ինչպես նաեւ Հայաստանում ինտելեկտուալ  խաղերի ներկա վիճակին եւ հետագա անելիքներին էր նվիրված ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր` նոյեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսը, որին մասնակցել են «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը եւ ասոցիացիայի զարգացման ծրագրերի ղեկավար Մարգար Սեդրակյանը:

Անդրադառնալով աշխարհի առաջնությանը` Տ. Քոչարյանը նշել է, որ նմանատիպ առաջնություններին Հայաստանի թիմերը մասնակցում են 5-րդ անգամ. մինչ այդ երեք առաջնություն տեղի է ունեցել Ադրբեջանում, որոնց հայկական թիմերի մասնակցությունն արգելվել է կազմակերպիչների կողմից: Նա տեղեկացրել է, որ Իսրայելում կայացած աշխարհի առաջնությանը ներկայացել են հայաստանյան «Պերեզագրուզկա», «ԴԱՖ» եւ «Արսենալ» թիմերը, որոնցից «Պերեզագրուզկա» թիմը հաջող ելույթ է ունեցել եւ առաջին անգամ հայկական թիմերի մասնակցության պատմության  մեջ մտել եզրափակիչ փուլ, իսկ Հայաստանը երկրների ընդհանուր հաշվարկում գրավել է 6-րդ տեղը:

Անդրադառնալով Հայաստանում ինտելեկտուալ խաղերի ներկա վիճակին առհասարակ` Տ. Քոչարյանը նշել է, որ վերջին տարիներին նշված բնագավառը գտնվում է պետական հոգածության ներքո, մասնավորապես,  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի անմիջական աջակցության շնորհիվ: «Պետական հոգածությունից հետո թիմերը սկսել են ավելի լավ արդյունքներ ցույց տալ. վերջին երկու տարվա ընթացքում հայկական թիմերը մտել են լավագույն վարկանիշային ցանկի 100 թիմերի մեջ»,-նշել է Տ. Քոչարյանը` հավելելով, որ այս տարվանից ակումբն անցկացնում է ուսանողական ամենշաբաթյա մրցաշարեր, որոնց մասնակցում են ՀՀ բուհերի ուսանողական թիմերը:

Ըստ «Գիտակների հայկական ասոցիացիայի», նախագահի` նմանատիպ առաջնություններ մյուս տարի նախատեսվում է անցկացնել նաեւ  դպրոցականների շրջանում: Բացի այդ, ակումբի նախաձեռնությամբ ամեն տարի կազմակերպվելու է ՀՀ վարչապետի գավաթը, տարբեր տարածաշրջանային փառատոններ, այդ թվում նաեւ Արցախում, որտեղ այս տարի անցկացված առաջնությանը մասնակցել են Արցախի 6 շրջանները ներկայացնող թիմերը:

Տ. Քոչարյանը նաեւ նշել է, որ նախատեսվում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղն անցկացնել նաեւ հայերեն լեզվով, քանի որ լեզվական խնդիրներ են նկատվում որոշ մասնակիցների եւ հանդիսատեսի մոտ. այս համատեքստում, հաջորդ տարի ծրագրվում է անցկացնել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի համահայկական փառատոն, որին կմասնակցեն հայեր աշխարհի տարբեր ծայրերից: