Այս տարի լրանում է «Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնի գործունեության տասնամյակը։ Այս կապակցությամբ նոյեմբերի 23-ին «Անի պլազա» հյուրանոց «Անի» սրահում կազմակերպվել էր հոբելյանական միջոցառում։ Ընկերության տասնամյակը ողջունելու էին եղել Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, բարձրաստիճան այլ հյուրեր, ՏՀՏ ոլորտի մասնավոր մի շարք ընկերությունների ղեկավարներ եւ այլն։

«Նորք» տեղեկատվա-վերլուծական կենտրոնը աշխատում է հիմնականում սոցիալական ապահովության ոլորտում տարբեր տեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ։ Կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ այս տարիների ընթացքում կենտրոնը սոցիալական ապահովության ոլորտում ստեղծել է բազմաթիվ տեղեկատվական համակարգեր, եւ այսօր գրեթե չկա սոցիալական աշխատանքի մի բաժին, որի մասին անձնավորված տեղեկատվություն չլինի։

«Մենք ամսական մոտ 100 տեսակի վերլուծություններ եւ հաշվետվություններ ենք ներկայացնում շտեմարանների հիման վրա։ Ընդ որում, դրանք ճշգրիտ վերլուծություններ են` անձնավորված տվյալների հիման վրա»,-ասաց Հ. Չոբանյանը՝ ավելացնելով, որ դա կարեւոր ձեռքբերում է, քանի որ 10 տարի առաջ գրեթե ոչինչ չկար:

«Տարիներ առաջ մեր կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ սոցիալական ապահովության ոլորտում գոյություն ունեցող տվյալների բազաներն ուղղակի ողբերգական վիճակում էին, իսկ այսօր արդեն այդ բազաները անձնավորված են եւ ներկայումս ստեղծվել է արդեն ճշգիտ անձնավորված տեղեկատվություն»,-ասաց «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրենը։

Նրա խոսքով՝ կենտրոնի կողմից մշակվել եւ ներդրվել են 20-ից ավելի տեղեկատվական համակարգեր սոցիալական ապահովության ոլորտում, իսկ ներկայումս արդեն լուրջ աշխատանքներ են տարվում ստեղծված այդ համակարգերի միջեւ կապ ապահովելու ուղղությամբ, ինչն էլ ավելի կհեշտացնի դրանց հետ աշխատելու եւ դրանցից օգտվելու մարդկանց հնարավորությունները։