Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մեծ Կասաի ռեգիոնում 400 հազար երեխայի սպառնում է հյուծման վտանգ, նախազգուշացնում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետները։ Վերջին ամիսներին երկրում բռնկված բռնությունների հետեւանքով կտրուկ վատացել է անվտանգության իրավիճակը, իսկ դա էլ իր հերթին լրջորեն բարդացրել է հումանիտար աշխատանքները տարածաշրջանում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարի Պյեր Պուարյեի խոսքով «այդ երեխաները երկրի ամենախոցելի բնակիչներն են, հիմա նրանց սպառնում է հյուծում»։

«Առանց անհրաժեշտ բուժօգնության, առանց պարենամթերքի ու մաքուր ջրի՝ հարյուր հազարավոր երեխաների կյանքը վտանգված է»,- հավելել է նա։

Հակամարտության հետեւանքով Մեծ Կասաիում դադարել է գործել առողջապահության ենթակառուցվածքը։ Բուժաշխատողները վախենում են իրենց կյանքի համար։ Կասաին միշտ էլ եղել է երկրի ամենաաղքատ շրջաններից մեկը։ Յուրաքանչյուր տասներորդ երեխան մինչեւ 5 տարեկան մահանում էր պատշաճ բուժօգնության բացակայության պատճառով։

Մեծ Կասաիում արտակարգ հումանիտար գործողություն անցկացնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ին պետք է 40․2 մլն դոլար։