Բաքվի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն ահաբեկչական պետություն է, այլեւ նրա ղեկավարությունը հոգեկան լուրջ խնդիրներ ունի: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում զբոսաշրջային օդանավի թռիչքի վերաբերյալ Բաքվի նյարդային արձագանքը:

«Այս առիթով կարելի է Ադրբեջանին խորհուրդ տալ շտապ միջոցներ ձեռնարկել եւ դիմել ՄԱԿ ԱԽ-ին, որ կարեւոր միջոցառումը բաց չթողնեն: Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Արցախի երեխաները մտադիր են օդապարիկներ արձակել: Ադրբեջանի տրամաբանությամբ՝ սա կարող է ռազմաքաղաքական իրավիճակի կայունության լուրջ սպառնալիք պարունակել»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ կազմակերպվող զբոսաշրջային օդանավի թռիչքների հետ կապված Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել «միջոցներ ձեռնարկել»: