2018 թվականին Գործատուների միությունների միջազգային համակարգող խորհրդի (ԳՄՄՀԽ) նախագահությունը կանցնի Լեհաստանին՝ Գործատուների միության ղեկավար Անժեյ Մալինովսկու գլխավորությամբ։ Որոշումն ընդունվել է մայիսի 25-ին, Երեւանում ԳՄՄՀԽ հերթական նիստում։ 2017 թվականին կազմակերպությունում նախագահում է Հայաստանը՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի ղեկավարությամբ։
Երեւանում նիստի մասնակիցները որոշում են ընդունել ԳՄՄՀԽ անդամ երկրներում ստվերային տնտեսության դեմ պայքարում օգտագործել Բուլղարիայի փորձը։Բուլղարիայի այդ ոլորտում ձեռքբերումների մասին զեկույցը ներկայացրեց Բուլղարիայի ինդուստրիալ կապիտալի ասոցիացիայի նախագահ Վասիլ Վելեւը։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Մակարյանն ասաց, որ Բուլղարիայի կառավարությունը երաշխավորել է, որ եւ կառավարությունը, եւ Բուլղարիայի ինդուստրիալ կապիտալի ասոցացիան կփոխգործակցեն Հայաստանի հետ՝ ստվերային տնտեսության դեմ պայքարում բուլղարական փորձի ներդրման համար։ «Մեզ համար դա շատ կարեւոր է, քանի որ Բուլղարիան 2018 թվականին ընդունում է ԵՄ խորհրդի նախագահությունը, եւ Հայաստանը կարող է դիմել Եվրոպական բանկ կամ միջազգային այլ դոնորների՝ Հայաստանում բուլղարական փորձի ներդրման համար»,- ասել է նա։
Գագիկ Մակարյանը նշել է, որ Հայաստանի համար շատ կարեւոր է նաեւ սոցիալական գործընկերության Լատվիայի փորձը։
«ԳՄՄՀԽ-ում մեր համագործակցության նպատակն է անդամ երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը, տնտեսական բարեփոխումների փորձի փոխանակումը եւ սոցիալական գործընկերության կառույցի զարգացումը։ Այդ հարցում եվրոպական երկրները շրջանցում են մեզ, որտեղ կառավարությունը, գործատուներն ու արհմիությունները երեք իրավահավասար գործընկերներ են»,- ասել է Գագիկ Մակարյանը։





























