«Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1` Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածի 8 կամուրջներին հարող հատվածներում երթեւեկությունն այսօրվանից երկկողմանի բաց է:

Մյուս շինարարական աշխատանքները, կամուրջների ասֆալտապատումն ու բարեկարգումը կշարունակվեն արդեն բաց երթեւեկության պայմաններում:

2016 թ. սեպտեմբերին մեկնարկած կամուրջների ու ուղեանցերի շինարարության հետեւանքով երթեկությունը տեղ-տեղ միակողմանի փակվել էր եւ կազմակերպվում էր շրջանցիկ ուղիով: Այսօրվանից վարորդներին պատճառված անհարմարությունները կավարտվեն:

Երեւան-Արտաշատ ճանապարհահատված կատարած վերջին այցի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանձնարարել էր, շինարարներն էլ պարտավորվել էին մինչեւ մայիսի 25-ը բացել երկկողմանի երթեւեկը:

Վերջին երեք կամուրջների ճանապարհամերձ հատվածներից  այսօր հեռացվեցին նախազգուշացնող նշանները, եւ երկկողմանի երթեկությունը վերականգնվեց:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Կարապետյանը դիտարկեց նաեւ կատարվող աշխատանքների որակը, գործնական դիտողություններ արեց:

Ճանապարհաշինարարները հավաստիացրին, որ աշխատում են առավելագույն արագությամբ եւ պայմանագրով նախատեսված ժամկետներում՝ մինչեւ նոյեմբեր ամիսը, նոր ուղեանցերի կառուցման, գոյություն ունեցող  ուղեանցերի վերակառուցման շինարարական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն։